National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.02.2022
Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում
1 / 1

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:

Հեղինակը նշել է, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով եւ չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում: Զինծառայողները հաճախ վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթի տանը, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում եւ այդ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Այսինքն, զինծառայողները ներկայացնում են սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը, իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի առնչությամբ 81 քրեական գործեր են հարուցվել, դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ առանց օրենսդրական կարգավորման քրեական գործերի թիվը կարող է անընդհատ աճել:

Պատգամավորն առաջարկում է այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Հարակից զեկույցում պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը տվել է բացասական եզրակացություն` այն հիմնավորմամբ, որ կա լրամշակման կարիք: Նա առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին: Պատգամավորը բարձրացրել է նաեւ փոխհատուցվող գումարի չափը վերանայելու հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության տեսակետը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների  բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի վիճահարույց կետերին, մատնանշել նաեւ բարեփոխման դրական կողմերը: Առաջարկվել է փոխհատուցումը դիտարկել զինծառայողին տրվող լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Մտահոգություն է հնչել, որ խնդրի լուծման այդ տարբերակից որոշ զինծառայողներ կօգտվեն՝ իրենց բնակարանը գրանցելով ուրիշի անվամբ, իսկ նրանք, ովքեր նման քայլի չեն դիմի, չեն օգտվի այդ փոխհատուցումից: Դա անհավասար պայմաններ կստեղծի զինծառայողների միջեւ: Կարծիք է հնչել, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն զինծառայողների կողմից նման խարդախությանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ: Որպես խնդրի հիմնական լուծում՝ կարեւորվել է սպայական ավանների ընդլայնումը, անդրադարձ է եղել նախաձեռնության սոցիալական ու անվտանգային բաղադրիչներին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ պետք են լուծումներ, որոնք զինվորականներին չեն ներքաշի խարդախության մեջ:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am